Հարգելի գործընկերներ,
Բարեկամներ,
Այսօր ՎեոլիաԹիմի մասնագիտական, թեկուզև ոչ պաշտոնական, տոնն է:
1911թ. դեկտեմբերի 23-ին շահագործման հանձնվեց «Կաթնաղբյուր – Երևան» ջրատարը, որով մայրաքաղաքում՝ առաջինը հանրապետությունում, հիմք դրվեց կանոնավոր ջրամատակարարմանը:
Նախաձեռնողը 1910թ. հունիսի 24-ին հիմնված «Էրիվանյան ջրմուղ» Փայատիրական ընկերությունն էր, բաղկացած նահանգային կենտրոն Էրիվանի 12 երևելիներից, հայտնի ինժեներ Վասիլի Միրզոևի գլխավորությամբ:
Ջրի վաճառքը կազմակերպելու նպատակով «Կոզեռն» թաղամասում կառուցվում է 125 հազար դույլ /1500 խոր. մետր/ ծավալով ջրամբար, որտեղից ջուրը հոսում էր Էրիվանի տարբեր թաղեր և վաճառվում 9 կետում: Այստեղից ջրավաճառ երեխաները կենարար հեղուկը հասցնում էին մայդաններ, ղանթարներ ու այլ մարդաշատ վայրեր: «Ջո՜ւր եմ ծախում, սառը ջո՜ւր, որ հաց առնեմ մի պուճուր…», - կանչում էին նրանք:
Սկզբում ջուրը ստացվում էր վայրկյանում 23 լիտր քանակությամբ: Դա, իհարկե, լիովին չէր բավարարում քաղաքի 30 հազար բնակչի կենցաղային կարիքները, բաշխիչ ցանցն էլ զարգացման կարիք ուներ: Բայցևայնպես մեծ գործի հիմքը դրված էր: Անցան տասնամյակներ, ընդլայնվեց, հզորացավ ու ժամանակի պահանջներին համապատասխանեցվեց համակարգը, անհամեմատ բարձրացավ ջրի որակը, ջրմուղ-կոյուղի ընկերությունը համալրվեց մասնագիտական կադրերով…
Ներկայումս տարբեր աղբյուրներից վայրկանում մոտ 7200 լիտր բարձրակարգ ջուր է ստանում Երևանը, սակայն գրեթե ամենուր ապահովվող շուրջօրյա կայուն ջրամատակարարմամբ մենք պարտական ենք առաջին խողովակաշարին:
Հիշե՛նք այս օրը: