Սկսվեց Արարատյան ջրատարի վերանորոգումը

«Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիր - 2020»-ի շրջանակներում օրերս սկսվեց համակարգի հին խնդիրներից մեկի լուծման աշխատանքները: Համաձայն նշված ծրագրի՝ «Արարատյան 1020մմ տրամագծով ջրատարի վթարված հատվածների վերակառուցում» բաղադրիչի, նախատեսվում է «Արարատյան  3, 4» պոմպակայանից սկիզբ առնող մայրուղային ջրատարի 4 տարբեր հատվածներում մոտ 850 գծամետր վթարված խողովակաշարի փոխարինում:

Խնդիրն այն է, որ շահագործման տասնյակ տարիների ընթացքում աղակալված ակտիվ գրունտների պատճառով քայքայվել են մայրուղային ջրատարի որոշակի հատվածներ, առաջացնելով շարունակական վթարային իրավիճակներ:

Հոսակորուստներն այստեղ կազմում են վայրկյանում մոտ 120 լիտր: Մինչդեռ խնդիրը, որը լուծում է ջրատարը, շատ կարևոր է: Շոգ եղանակներին, երբ ջրի սպառումը մայրաքաղաքում հասնում է իր պիկին, Արարատյան աղբյուրում գործարկվում են խորքային հորերի պոմպերը և ջուր է մատակարարվում Երևանի հարավային շրջանններին:

Այստեղ երկու տարի առաջ տեղի ունեցած վթարը ցույց տվեց Արարատյան աղբյուրի կառույցների վերանորոգման ու վերազինման հրատապությունը: Մշակվեցին թե պոմպակայանում և թե ջրատարի վրա առկա խնդիրների լուծման ծրագրերը և սկսվեց դրանց փուլ առ փուլ իրականացումը:

Հիմա հերթը հասել է ջրատարի մասնակի փոխարինմանը: Արվում է ամեն ինչ հնարավոր կարճ ժամկետում խողովակաշարի վերանորոգումն ավարտելու համար, որից հետո կվերանան վթարները և հոսակորուստները: