Վեոլիա Ջրի այսօրվա հյուրերը Զամբիայից էին:
Եկել էին ուսումնասիրելու ջրային ռեոսուրսների կառավարման հայաստանյան փորձը: Իսկ Հայաստանի ճանապարհը նրանց ցույց էր տվել ամերիկյան «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը (հիմնադիրը, ի դեպ, հայ է), որը շահել է Համաշխարհային բանկի մրցույթը և այս երկրում «Լուսակայի սանիտարական ծրագրի» շրջանակներում կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծում:
Ինչպես տեղեկացրեց այդ ընկերության հայաստանյան մասնաճյուղի Բիզնեսի զարգացման մասնագետ Լիլի Մկրյանը, հյուրերն այստեղ տեսնելու, ծանոթանալու շատ բան ունեն: Արդեն այցելել են Ջրային կոմիտե, իսկ հիմա Վեոլիա ջրի փորձն են ցանկանում ուսումնասիրել:
Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, Ներդրումների տնօրեն Շահին Բուտուիլան ու «Արևելք» տարածաշրջանային տնօրեն Կարապետ Օհանյանը հյուրերի հետ կիսվեցին ընկերության փորձով, առաջին հերթին ներկայացրեցին կոյուղատար համակարգի կառավարումն ու ջրի մաքրման, որակի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքը, որն առանձնապես շատ էր հետաքրքրում Զամբիայի ներկայացուցիչներին:
Ի դեպ, նրանց թվում էին և՛ առողջապահության մասնագետներ և՛ ջրամատակարարներ, որոնցից յուրաքանչյուրը ստացավ իրեն հետաքրքրող տեղեկատվությունը ինչպես Վեոլիա Ջրի, այնպես էլ Վեոլիա Գրուպի փորձառության մասին: