
Կայացավ Վեոլիա Ջուր ՓԲԸ Վարձակալության պայմանագրի 6-րդ տարվա տարեկան հաշվետվության շնորհանդեսը:
Ընկերության համար այս կարևոր և հաշվետու միջոցառմանը ներկա էր Լեհաստանի Վեոլիա ՓԲԸ Գործադիր փոխնախագահ եւ ֆինանսական տնօրեն, Վեոլիայի Գործառնական կատարողականի, թվային փոխակերպման և նորարարության գծով գլխավոր տնօրեն Լուիզ Հանանիան:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը ներկայացնելով ընկերության տարեկան հաշվետվությունը նշեց, որ 6-րդ տարում Վեոլիայի Թիմը ոչ միայն ապահովվել է, այլ գերազանցել է Վարձակալության պայմանագրով սահմանված նպատակակետերը. շարունակաբար բարելավվել է ջրամատակարարումը ոչ միայն Երևանում, այլ նաև հանրապետության մյուս քաղաքներում և գյուղական համայնքներում, մեծ ուշադրություն է դարձվել ջրի որակի շարունակական բարելավմանը, արդիականացվել է շահագործվող ինժեներական կառույցները, կատարվել են այլ կարևոր աշխատանքներ ևս, որոնց շնորհիվ այսօր ընկերությունը հպարտորեն արձանագրում է իր հաջողությունները. «Իհարկե անելիքներ, ծրագրեր, մտահղացումներ դեռ շատ ունենք, բայց շնորհիվ Վեոլիա Ջրում ձևավորված Թիմի, ձեր ջանքերի և գործին նվիրվածության շնորհիվ ես հավատում եմ և վստահեմ, որ մենք հաջողելու ենք»:

Եվ այսպես, ջրարտադրությունը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 7.1 մլն.խմ-ով, իսկ վաճառված ջրաքանակն ավելացել է 10.8 մլն.խմ-ով: Ջրամատակարարման շարունակականության ցուցանիշի աճի ապահովման պայմաններում ընկերությունը կարողացել է նվազեցնել նաև չհաշվառված ջրաքանակը 17.9 մլն.խմ-ով (4.4 %-ով): 2022թ.-ին վաճառված ջրի հասույթը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 4556 մլն ՀՀ դրամով (18.7 %-ով), իսկ վաճառված ջրաքանակի դիմաց հավաքագրված գումարն ավելացել է 4122 մլն ՀՀ դրամով (17.9 %-ով): Այդ ժամանակահատվածում Ընկերությունը ձեռնամուխ է եղել մարզերի վատթար վիճակում գտնվող բնակավայրերի ջրամատակարարման խնդիրների լուծմանը՝ միաժամանակ բարելավելով և պահպանելով քաղաքներում առկա դրական ձեռքբերումները: 2022 թվականին ջրառը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 7,136 հազ․մ3-ով, այն պարագայում, երբ ջրամատակարարման միջին տևողությունը Երևան քաղաքում կազմել է 23.19 ժամ, իսկ գյուղական բնակավայրերում՝ 20.22 ժամ:

Այս ընթացքում շահագործվել են 125 ջրաղբյուրներ, 54 գլխամասային պոմպակայաններ, 91 քլորակայաններ և 12 քլորացման կետեր: Համակարգի փոփոխության արդյունքում կոնսերվացվել է հեղուկ քլորով շահագործվող 4 քլորակայան: Վերանորոգման աշխատանքներից հետո շահագործվել են ընկերության ներդրումային ծրագրերով կառուցված «Ֆանտան» և «Չախկալ» քլորակայանները: Իրականացվել են «Ղազարավան», «Կաթնաղբյուր» և «Ապարան» խորքային հորերի 33 տանիքների վերանորոգման և նորերով փոխարինման աշխատանքները, որի արդյունքում բացառվել է անձրևաջրերի ներհոսքը խորքային պոմպային ագրեգատների մեջ՝ դրանով լուծելով անվտանգության, ջրի որակի և սարքավորումների շահագործման խնդիրները:
Տպավորված ընկերության ցուցանիշներից՝ վերջում Լեհաստանի Վեոլիա ՓԲԸ Գործադիր փոխնախագահ եւ ֆինանսական տնօրեն, Վեոլիայի Գործառնական կատարողականի, թվային փոխակերպման և նորարարության գծով գլխավոր տնօրեն Լուիզ Հանանիան շնորհակալություն հայտնեց Ընկերության ղեկավարությանն ու Վեոլիա Թիմին տարվա ընթացքում իրականացրած գերազանց աշխատանքի և վարձակալության պայմանագրի պահանջների լիարժեք կատարման համար. «Համոզված եմ, որ հաջորդ տարիներին ևս նոր ձեռքբերումները թե տնտեսական ցուցանիշների, և թե մատուցվող ծառայությունների բարելավման առումով շարունակական կլինեն»: