Ժամը 11-ին Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության թանգարանի «էկո ակումբի» սաները և Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի սոցիալական հոգածության կենտրոնի երեխաները՝ իրենց դաստիարակների ու ուսուցիչների հետ մեկ մարդու նման թանգարանի մուտքին էին:
Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման հովանավոր Վեոլիա Ջուր ընկերության ապրանքանշանով գլխարկները և կրծքանշանները ստանալուց հետո նրանց համար սկսվեց «Երկիր մոլորակն իմ տուն է» դաս-էքսկուրսիան:
Իհարկե, օրն իր խորհուրդն ուներ ու այն նշելու մեզանում ձեւավորված ավանդույթներ կան: Սակայն թանգարանը, սոցիալական հոգածության կենտրոնն ու Վեոլիա ջուրը որոշել էին այդ օրը անհրաժեշտն ու հաճելին համատեղել:
Իսկ անհրաժեշտն անշուշտ գիտելիքն էր: Ի դեմս հայրենի եզերքի ու նրա հարստությունների իմացության: Այստեղից էլ էքսկուրսիայի գաղափարը:
Առաջին կանգառը թանգարանում՝ փղի բրածո կմախքն էր: Որն էլ բնականաբար ամենաշատը հետաքրքրեց երեխաներին: Նրանց հատկապես այդ հսկայի ոսկորների պատմությունը դուր եկավ: Ապագա կոմպոզիտոր Էդգարի ծնողները երկրաբան են, նա ասում է այցը երկրաբանական թանգարան անձամբ իր համար շատ լավն նվեր էր հունիսի մեկի առթիվ:
Երեխաներին ուղեկցող Աջափնյակի սոցիալական հոգածության կենտրոնի աշխատակից Ելենա Խաչատրյանն իր հերթին նշում է. «Կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր էքսկուրսիա է»:
Երեխաները մի հատվածից մյուսն էին տեղափոխվում թանգարանի էքսկուրսավար Սեդայի ուղեկցությամբ ու ծանոթանում ցուցանմուշներին: Այստեղ բացվել էր նաև երեխաների պատրաստած աշխատանքների ցուցադրություն, որը նրանց նույնպես գրավեց: Երեխաներից մեկը մանկական համոզվածությամբ նկատեց, որ «Ինչքան այսպիսի վայրեր գնանք, մեզ օգուտ է»:
Հետո կայացավ Հայաստան աշխարհի քարերի մասին տեսադասը. նույնքան ուսանելի ու հետաքրքիր: Երեխաների համար այստեղ ամեն ինչ նոր էր ու զարմանալի: Արձագանքն էլ՝ անմիջական ու անթաքույց հիացական:
Կազմակերպիչները վստահ են, լավագույն նվերը գիտելիքն է: Բայց էլ ի՜նչ տոն, առանց զվարճանքի: Վեոլիա Ջրի պատրաստած անակնկալն այսքանով չէր ավարտվում: Եկավ հաճելիի պահը: Դասը՝ դաս, գիտելիքը՝ գիտելիք, բայց եւ տորթ էր խոստացվել, որպես միջոցառման զարդ… Այն երեխաներին «անհամբեր» սպասում էր մանկական սրճարաններից մեկում:
Բազմաթիվ խաղերի, ուրախ երաժշտության և իհարկե օրվա խորհրդանիշ «Թող միշտ լինի արեւը» գրությամբ հարգանքի արժանի մեծության համեղ տորթի շնորհիվ երեխաները այս հունիսի մեկը հաստատ չեն մոռանա: