Վեդիի ջրամատակարարումն ավելացավ մեկ ժամով

 Ընդհանուր առմամբ յոթ օր ու գիշեր անցկացրեց ՎեոլիաԹիմը Վեդիից 41 կմ հեռու գտնվող «Ջերմանիս» բարձր լեռնային աղբյուրում, որտեղից քաղաքը ստանում է հասանելիք ջրի մեծ մասը: Նպատակը մեկն էր. վերակառուցման միջոցով հնարավորինս լիարժեք օգտագործել աղբյուրի ջուրը, որի ամեն մի լիտր բառացիորեն կենսական նշանակություն ունի Վեդիի համար: Իսկ որ նման հնարավորություններ կային, պարզ էր դարձել դրան նախորդած Վեոլիայի շահագործման և տեխնիկական ծառայությունների ղեկավարների այցի ժամանակ, որի արդյունքում մշակվել էր համապատասխան ծրագիր ու հատկացվել միջոցներ: Մտահղացման իրականացման համար նախապես «Ուրալ» բեռնատար ամենագնացների միջոցով (այլ մեքենաներ հնարավոր չէր օգտագործել այդ վայրերում), սարեր բարձրացրեցին անհրաժեշտ շինտեխնիկա, խողովակներ, շինանյութ, գործիքներ ու բնակվելու պարագաներ: Այնուհետև ձեռնամուխ եղան գործին: Այս օրերի ընթացքում, չնայած բարդ տեղանքին ու բնակլիմայական պայմաններին, աշխատելով մինչև ուշ երեկո, ընկերության «Ջրառ» ծառայության և «Արտաշատ» շահագործման տեղամասի մասնագետները «Ջերմանիսի» երեք տեղամասերից մեկում՝ «Արջանոցում» հայտնաբերված 2 փոքրիկ վտակները վերածեցին ջրահավաքների, իսկ «Այգեվանի օբա» կոչվող տեղամասում էլ վերանորոգեցին գործող 2 ջրահավաքները ու ցանկապատեցին տարածքը: Ստացվեց լրացուցիչ 6 լիտր ջուր, որը «Ջերմանիս – Վեդի» մայրուղային ջրատարին միացնելու համար զոդվեց 1500 գծամետր 110-160 մմ տրամագծով նոր պոլիէթիլենե ջրագծեր: Աշխատանքների արդյունքում «Ջերմանիսի» հզորությունը հասավ վայրկյանում 51 լիտրի, որի շնորհիվ Վեդիի ջրամատակարարման ժամանակացույցն այս շոգ օրերին հուրախություն բնակիչների ավելացավ մեկ ժամով: Աշխատանքները Ջերմանիսում շարունակական են լինելու: