Օգոստոսին «Ջերմանիս» բարձր լեռնային աղբյուրում, որտեղից Վեդին ստանում է հասանելիք ջրի մեծ մասը, կենարար հեղուկի արտադրությունը նվազել էր մինչև վայրկյանում 31 լիտրի: Քաղաքում ջրի խիստ անբավարարություն էր նկատվում: Ըստ մասնագետների՝ ավելի քան 120 օր լեռներում տեղումներ չէին եղել: Կար վտանգ, որ շոգ եղանակների պատճառով ջրաքանակը էլ ավելի կարող էր նվազել: Իրավիճակով պայմանավորված, Վեոլիայի շահագործման և տեխնիկական ծառայությունների ղեկավարները ևս մեկ անգամ ուսումնասիրեցին «Ջերմանիսը» և եկան եզրակացության, որ շինաշխատանքների շնորհիվ հնարավոր է որոշակիորեն ավելացնել ջրի արտադրությունը: Մոտ 10 օր տևած աշխատանքների արդյունքում աղբյուրի տարածքում կառուցվեց 3 նոր կապտաժ /ջրահավաք/, իսկ ևս 3-ը վերակառուցվեց: Նաև պոլիէթիլենային խողովակներից մոնտաժվեց 2,5 կմ երկարությամբ նոր խողովակաշար՝ ստացված հավելյալ 16 լիտր վայրկյանում ջրաքանակը «Ջերմանիս -Վեդի» 41 կիլոմետրանոց ջրատարին հասցնելու համար: Իրականացված ծրագրի շնորհիվ, ստացվող ընդհանուր հաշվով վայրկյանում 48 լիտրը թույլ է տվել նախկին անկանոն և նվազագույն չափաքանակով մատակարարվող ջրի փոխարեն Վեդիում ապահովել օրական առնվազն 6 ժամ ջրամատակարարում: Սակայն սա ևս ամենը չէ:
Այս օրերին «Ջերմանիսում» ՎեոլիաԹիմը շարունակում է ջրահավաք աշխատանքները, որն արդեն օրերս կհանգեցնի քաղաքի ջրամատակարարման հետագա որոշակի բարելավմանը: