Վարձակալության պայմանագիրը 5 տարեկան է

Գլխավոր տնօրենի ուղերձը ընկերության աշխատակիցներին

Բարեկամնե՛ր,

Ուղիղ հինգ տարի առաջ, այս օրը՝ նոյեմբերի 21-ին կնքված «Վեոլիա Գրուպ» - «Վեոլիա Ջուր ՓԲԸ» - «ՀՀ ԷԵԲՊ-ի Ջրային տնտեսության պետական կոմիտե» եռակողմ Վարձակալության պայմանագրով մենք 2017թ.-ից 15-ամյա ժամկետով ստանձնեցինք Հայաստանի ջրամատակարարման համակարգերի կառավարումը:

Այն հնարավոր դարձավ Հայաստանի Կառավարության հայտարարած միջազգային մրցույթի արդյունքում, որին մասնակցեց, ներկայացրեց առաջադրանքի լուծման իր տեսլականն ու կարողությունները և բացարձակ հաղթանակ տոնեց Վեոլիա ջուր ՓԲԸ հիմնադիր, շրջակա միջավայրի ոլորտի աշխարհի առաջատար ֆրանսիական Վեոլիա Գրուպը:

Ներկայումս մեր 2800 գործընկերներ շուրջօրյա ռեժիմով սպասարկում են մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաքներ, 311 գյուղեր: Ընդհանուր 356 բնակավայր, 552 000 ակտիվ բաժանորդ: Դրանից բացի, մենք մեծածախ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ ենք մատուցում 76 բնակավայրի:

Շատ փոփոխություններ են կատարվել ընկերությունում անցած 5 տարիներին. օպտիմալացվել է համակարգի կառուցվածքը, եղել են կադրային փոփոխություններ, երիտասարդ մասնագետներ են անդամագրվել մեր թիմին, սակայն նպատակը մնացել է նույնը. շարունակաբար բարելավել ջրամատակարարումը, բարձրացնել ջրի որակը, արդիականացնել շահագործվող ինժեներական կառույցները, նպաստել բնապահպանական խնդիրների լուծմանը:

Պատասխանատվությունը մեծ է, բայց շնորհիվ ձեր ջանքերի և գործին նվիրվածությանն ամենուր հաջողում ենք: Իսկ որ թերևս ամենակարևորն է, մենք այս ընթացքում կարողացել ենք ձևավորել ընդանուր շահերով և հետաքրքրություններով առաջնորդվող ԹԻՄ՝ որպես հետագա հաջողությունների երաշխիք: Հիշենք միայն 2020-2021թթ-ի փորձությունները. COVID 19, արցախյան հերոսամարտ, շոգ և երկարատև ամառներ: Մենք ոչ միայն դիմացանք ժամանակի դժվարություններին, այլև դարձանք ավելի ուժեղ ու համախմբված: Ու պետք է շարունակենք նույն ոգով ու կարողությամբ աշխատել, քանի դեռ ժամանակի մարտահրավերները հաղթահարված չեն:

Մենք ուրախ ենք և հպարտ, որ մաս ենք կազմում Վեոլիայի հրաշալի ընտանիքին, բայց միաժամանակ զգում ենք մեր սոցիալական պատասխանատվությունը աշխատանքի և արդյունքների համար: Գործելով որպես Վեոլիա ջուր՝ մենք Հայաստանում ներկայացնում ենք Վեոլիա Գրուպը, նրա արժեհամակարգը, հետևաբար պարտավոր ենք իրականություն դարձնել Վարձակալության պայմանագիրն ու արդարացնել սպասելիքները, ինչպես Վեոլիա Գրուպի, այնպես էլ հայաստանյան հանրության:

Համոզված եմ, որ արդեն գործունեության 6-րդ տարին կնշանավորվի նոր, զգալի ձեռքբերումներով թե տնտեսական ցուցանիշների, և թե մատուցվող ծառայությունների բարելավման առումով:

Ձեզ նորանոր հաջողություններ, բարեկամնե՛ր, իսկ Հայաստան աշխարհին խաղաղություն ու բարգավաճում:

Մենք շարժվում ենք առա՛ջ:

Մարիաննա Շահինյան,

Գլխավոր տնօրեն