Փոխարինվում է Արարատյան 1/2 պոմպակայանից դեպի «Նորաբացի» ՕԿՋ ձգվող ջրատարի վթարային հատվածը

Մոտ 20 օր առաջ սկսվել է Արարատյան 1/2 պոմպակայանից դեպի «Նորաբաց» օրվա կարգավորիչ ջրամբար (ՕԿՋ) ձգվող 9 կմ երկարությամբ 529 մմ տրամագծով ջրատարի վերջին վթարային հատվածի փոխարինման աշխատանքները:

Հաշվի առնելով խողովակաշարի տեխնիկական անբավարար վիճակն ու հետագա շահագործման անհնարինությունը՝ Ընկերությունն որոշեց 1200 գծամետրը փոխարինել նոր 426 մմ-ոց մետաղական խողովակաշարով: 

Ջրատարի վթարային մյուս հատվածները <<Վեոլիա Ջուր>>  ընկերությունը փուլ առ փուլ փոխարինել է նախորդ տարիներին՝ 1900 գծամետր: 

Խնդիրն այն է, որ խողովակաշարը, անցնելով Մասիս քաղաքի հարակից աղակալած ագրեսիվ հողերով, քայքայվել է և դարձել վթարային: Այստեղ վթարները, հետևաբար՝ ջրանջատումները, մշտական բնույթ են կրում, ջրի կորուստը կազմում է վայրկյանում 50 լիտր, որը թույլ չի տալիս սպառողներին ապահովել կայուն ջրամատակարարմամբ: 

Դրա պատճառով մշտապես խնդիրներ են առաջանում ՕԿՋ-ից սնվող Արարատի մարզի՝ ԴարակերտՀայանիստԱրբաթԴարբնիկԴաշտավանԶորակՂուկասավանԳետափնյա գյուղերում, Այնթափի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցներում, Մասիս քաղաքի Կայարան թաղամասում՝ մոտ 5000 բաժանորդ:

500 գծամետրն արդեն կառուցված է, գործն առաջ է գնում արագ տեմպերով: Աշխատանքներն իրականացնող <<Մասիս>> ենթատեղամասը ջրատարի փոխարինման աշխատանքներին զուգահեռ նաև դրա վրա առկա վթարներն  է վերացնում: Այսքանով հանդերձ, նախատեսում են աշխատանքներն ավարտել սեպտեմբերին: