Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի 15 բնակավայր՝ Մասիս քաղաքն ու 14 գյուղ 2 խոշոր խողովակաշարերով ջուր են ստանում «Արարատյան 1, 2» պոմպակայանից: Անցնելով տեղի աղակալած, ագրեսիվ հողերով, խողովակաշարերից մեկն անցած տասնամյակների ընթացքում դարձել է վթարային, գտնվում է տեխնիկական անբավարար վիճակում:
Այստեղ վթարները, հետևապես՝ կանգառները, մշտական բնույթ են կրում, զգալի է ջրի արտահոսքը, որը թույլ չի տալիս սպառողներին ապահովել կայուն ջրամատակարարմամբ:
Հաշվի առնելով խողովակաշարի հետագա շահագործման աննպատակահարմարությունը, Վեոլիան որոշել է այն անբողջությամբ հանել շահագործումից, փոխարենը «Արարատյան 1, 2» պոմպակայանից դեպի «Նորաբաց» օրվա կարգավորիչ ջրամբար կառուցել 1500 գծամետր 426 մմ տրամագծով նոր մետաղական ջրատար:
Ներկայումս տարածքում ընթանում են հողային աշխատանքներ, փորվում է խրամուղի, միաժամանակ 11 մետրանոց խողովակները հիդրոմեկուսացվում են ու եռակցվում, կազմելով մինչև 300 մետրանոց հատվածներ: Արդեն առաջիկա օրերին դրանք կսկսվեն շարունակաբար տեղադրվել խրամուղում: Տեղամասն ապահովված է բավարար տեխնիկայով. աշխատում է 2 ամբարձիչ, եռակցող մեքենա և 2 էքսկավատոր: ՎեոլիաԹիմն ապահովված է անհրաժեշտ ծախսանյութերով և աշխատելով առավոտից երեկո անում է առավելագույնը արդեն սեպտեմբերին նոր ջրագծի շահագործման և տարիների պատմություն ունեցող խնդրի լուծման համար: