«Վեոլիա ջուր» ընկերության Տեխնիկական տնօրինության Հոսակորուստների հայտնաբերման և գոտիավորման վարչության մոտ 30 մասնագետների հիմնական գործառույթներից մեկը ժամանակակից տեխնիկական սարքերի օգնությամբ /մասնավորապես, հոսքաչափի, խողովակափնտրիչի, ակվաֆոնի և կորելիատորի/ սպասարկվող 380 բնակավայրերի բաշխիչ ցանցում և մայրուղային ջրատարների վրա փնտրելն է և գտնելը ջրագծերի «թաքնված վթարները», երբ ջուրը հոսում է ընդերք և տարիներ շարունակ աննկատ մնում:
Համաձայն ընկերությունում գործող կարգի, վարչության մասնագետները աշխատում են շահագործման տեղամասերի հետ սերտ համագործակցությամբ, կատարում են վերջիններիս պատվերները վթարների վայրերը պարզելու, արտահոսող ջրի քանակի որոշելու, քարտեզներում չնշված հին ջրագծերը և կոյուղագծերը, փականային համակարգերը հայտնաբերելու վերաբերյալ:
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին վարչության աշխատակիցները՝ բաժանված խմբերի Երևանում և հանրապետության բոլոր մարզերում հոսքաչափով կատարել են շուրջ 7165 տարատեսակ չափումներ, խողովակափնտրիչով ստուգել են 245 կմ ջրագիծ, կորելյատորով՝ 62 կմ, իսկ ակվաֆոնով 189 կմ: Այսպիսով ընդամենը զննվել է ավելի քան 496 կմ ջրագիծ: Նաև 1010 ջրաչափական հանգույց է ուսումնասիրվել ու կազմվել է սխեմաներ:
Արդյունքում հայտնաբերվել է 274 «թաքնված վթար», որից 105-ը՝ մարզերում, որոնք այնուհետև վերացվել են վարչության մասնագետների և շահագործման տեղամասերի վթարային բրիգադների կողմից: Արդյունքում կանխվել է վայրկյանում 576 լիտր ջրի կորուստ, որից 267 լիտրը մարզերում: Դա կազմում է համակարգում արտադրվող ջրաքանակի մոտ 4 տոկոսը, որի նշանակությունն ակնհայտ է սպառողներին կայուն և ժամանակացույցի համաձայն ջրամատակարարմամբ ապահովելու տեսակետից: