ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի և Վեոլիա Ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի միջև Համագործակցության մասին հուշագրի ստորագրմամբ մեկնարկեց տրանսֆերային գնագոյացման ստուգման փորձնական ծրագիրը:
Վերջինս համատեղ իրականացվելու է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի հարկային ծառայության աշխատակիցների կողմից՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «Հարկային տեսուչներ առանց սահմանի» ծրագրի շրջանակներում:
Խնդիրն այն է, որ 2020 թ. հունվարից Հայաստանում գործում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները: Անցել է մեկ տարի, եկել է ժամանակը ստուգելու այս տնտեսական նորամուծության առաջին արդյունքները, որը ՀՀ ՊԵԿ-ի համար կդառնա հիմք՝ տրանսֆերային գնագոյացման ստուգումների համակարգը ներդնելու և հետագայում մյուս տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ անցկացնելու համար:
Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն որպես գործընկեր ընտրվել է ՀՀ ՊԵԿ-ի կողմից ռիսկերի վերլուծության արդյունքում նախնական առանձնացված 15 կազմակերպությունների միջից։ Պիլոտային ստուգումն անցկացվելու է իրական ստուգման կանոնների համաձայն․ ուսումնասիրվելու են համապատասխան փաստաթղթերը, վերլուծությունների արդյունքում վերհանվելու են ռիսկերը և քննարկվելու են հարկ վճարողի հետ։
Բնականաբար, այս ամենը համապատասխանում է նաև 2020թ. արդյունքներով Հայաստանում թիվ 32 խոշոր հարկատու հանդիսացող Վեոլիա ջուր ընկերության շահերին: Դրա համար էլ վերջինիս ղեկավարությունը համաձայնվել է ՀՀ ՊԵԿ-ի առաջարկությանը մասնակցելու փորձնական ծրագրին: Այն ուսուցողական կլինի ջրամատակարար կազմակերպության համար՝ վերահսկվող գործարքների մասին հարկային մարմին ծանուցումներ ներկայացնելու և այլ կարգավորումների մասին իրազեկվելու առումով։
«ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի հարկային ծառայության հետ պիլոտային այս նախաձեռնությունը շատ դրական է ընդունվել Վեոլիա Գրուփում և նշեմ, որ նման փոխհարաբերությունները շատ են գնահատվում արտաքին ներդրողների կողմից։ Այս համագործակցությունը ևս մեկ անգամ շեշտադրում է մեր թափանցիկ գործունեությունը, պարտաճանաչ հարկատու լինելը։ Որպես միջազգային կառույց՝ Վեոլիան այս օրենսդրությանը ծանոթ է և կիրառում է։ Մենք ամեն առումով պատրաստ ենք աջակցելու նախաձեռնությանը, ներգրավվելու նաև մայր ընկերության աշխատակիցներին՝ մեր կողմից համակարգի ճշգրիտ և գրագետ ներդրումն ապահովելու նպատակով» - ասում է գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը: