Էջմիածնի փողոցներում Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով /ՊԿԱԾ/ Վեոլիան նոր ջրագծեր է կառուցում։ Իսկ դրան զուգահեռ, չսպասելով աշխատանքների ավարտին, «Էջմիածին» շահագործման տեղամասը սեփական ուժերով փուլ առ փուլ շենքերի մուտքագծերը միացնում է փողոցների նորակառույց ջրագծերին։ Գործը դժվարին է և աշխատատար։ Այն զգալի ժամանակ ու մասնագիտական ունակություններ է պահանջում Վեոլիաթիմից։ Պետք է յուրաքանչյուր շենքի մուտքագծում առանձին չափումներ կատարել, ջրածախսին հետևել, վթարները գտնել ու վերացնել՝ հետագայում ջրակորուստներից խուսափելու համար:
Մաշտոցի 10, 22 շենքերում և հարակից անհատական տնատիրությունների ընդհանուր առմամբ 600 բաժանորդների մուտքագծերն արդեն միացվել են քաղաքի բաշխիչ ցանցին: Ըստ տեղամասի պետ Արտյոմ Խաչատուրյանի՝ արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են: Նախկին 15 լ/վ փոխարեն, հիմա արդեն այդ տարածքին մատակարարվում է ընդամենը վայրկյանում 5 լիտր, որը բավարար է նույնիսկ շենքերի վերջին հարկերին 17 ժամյա կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելու համար, այն էլ՝ ինքնահոս: Իսկ նման բան էջմիածնի այս հասցեներում երբևէ չի եղել: Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են։