
Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մասնակիորեն բավարարել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի և երկու մեդիակազմակերպությունների։
2023 թվականին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ Լեո Նիկոլյանի, ««Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության» ՀԿ-ի և «Լայվ նյուզ մեդիա» ՍՊԸ-ի դեմ։ Հայցում ներկայացված պահանջները վերաբերում էին զրպարտություն պարունակող տեսանյութերի և հրապարակումների հեռացմանը, զրպարտչական տեղեկությունների հերքմանը, ինչպես նաև ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցմանը։
Դատարանը որոշել է Լեո Նիկոլյանին պարտավորեցնել հերքել «Հայելի» ակումբի յություբյան ալիքում հրապարակված հաղորդման շրջանակներում ներկայացված՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի իրավունքները խախտող և զրպարտություն հանդիսացող տվյալները, նրան պարտավորեցնել ընկերության հասցեին հնչեցրած զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ տեսանյութ հրապարակել և դրանում բանավոր կերպով հերքել ընկերությանը վերաբերող պնդումները կոռուպցիոն գործերի, Ընկերության տնօրինության կողմից դրանք քողարկելու նպատակով կոռուպցիոն համաձայնությունների հաստատման և այդպիսի համաձայնությունների շրջանակներում քաղաքացիներին անվճար ծառայություններ մատուցելու փոխարեն այլ՝ վճարովի ծառայություններ մատուցող ընկերություններ ուղղորդելու, ինչպես նաև «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի՝ կոռուպցիոն գործերը քողարկելու հարցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի կողմից հովանավորվելու և վերջինիս դրա դիմաց գումարներ հանձնելու վերաբերյալ։
Բացի դրանից, դատարանը վճռել է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալներ ներկայացնելու հիմքով Լեո Նիկոլյանից հօգուտ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բռնագանձել 1,000,000 ՀՀ դրամ գումար։
Դատարանի վճռին ու գործի մանրամասներին ծանոթանալ կարող եք datalex.am կայքում՝ հետևյալ հղմամբ՝ (հղումը՝ հիպերլինքով)։ https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=49258120924370540