Այսօր ծախս, վաղը եկամուտ

Վերակառուցվեց Վեոլիայի Կենտրոնական ավտոհավաքակայանը

Այսօր ծախս, վաղը՝ եկամուտ:

Այս սկզբունքի վրա է հիմնված Վեոլիա ջուր ընկերության ներդրումային քաղաքականությունը:

Ընդ որում խոսքը ոչ միայն ջրամատակարարման հետ անմիջական առնչություն ունեցող կառույցներին է վերաբերում, այլև ներհամակարգային ծառայություններին:

Այսպես, ընկերության Կենտրոնական ավտոհավաքակայանի վերակառուցումը, որի ավարտը նշվեց հանդիսավորությամբ, տևեց ամիսներ, սակայն արդյունքում Վեոլիա ջուրն ունեցավ ևս մեկ միանգամայն ժամանակակից ձեռնարկություն: Այսուհետ, բոլոր մարդատար, բեռնատար ու հատուկ մեքենաները վերանորոգվելու են այստեղ և սեփական ուժերով՝ բացառությամբ խոշոր, մասնագիտական սպասարկում պահանջող ավտոտրանսպորտային միջոցների:

Իսկ ավտոտրանսպորտային միջոցների քանակը համակարգում շարունակաբար ավելանում է: Ընկերության տեխնիկական ծառայությունները հանրապետությունով մեկ սփռված ջրաղբյուրները, պոմպակայանները, քլորակայանները, ջրամբարները ժամանակին սպասարկելու, բեռներ տեղափոխելու, շինարարական աշխատանքներ կատարելու համար ավելի ու ավելի շատ տեխնիկայի կարիք ունեն:

Ընդհանուր առմամբ Վեոլիան ավտոտրանսպորտային պարկը համալրելու և ենթակառուցվածքները զարգացնելու համար ծախսել է 875 մլն դրամ: Միայն վերջին 2 տարիներին ավտոպարկը համալրվել է գրեթե 80 միավորով. ինքնաթափ КАМАЗ-ներ, կոյուղին մաքրող մեքենաներ, ավտոկռունկ, բեռնամարդատար UAZ Profi և Ռենո: Դրանք սպասարկելու համար ավտոհավաքակայանում ստեղծվել է նորագույն սարքավորումներով հագեցած 5 արհեստանոց, մեխանիկական տեղամաս, պահեստ, աշխատակազմը համալրվել է նոր մասնագետներով, այդ թվում, շարժիչագործով, ընթացագործով, վուլկանիզատորով, դիագնոստիկով:

Իսկ բառացիորեն շնորհանդեսի նախօրեին ստացվեց մեքենաների նոր խմբաքանակ. 5 միավոր UAZ Profi և 2 ամբարձիչ:

Նաև ընդլայնվել ու նոր տեսք են ստացել գրասենյակային տարածքները, անձնակազմի համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքային ու կոմունալ պայմանները, ավտոհավաքակայանի տարածքը բարեկարգվել է ու գծանշվել՝ առանձին մարդատարների ու բեռնատարների համար:

Ավելի քան 50 մլն դրամ է ծախսվել տվյալ Ծրագրի վրա, սակայն հաշվարկը ցույց է տալիս, որ Կենտրոնական ավտոհավաքակայանի արդիականացումը թույլ կտա տնտեսել ամսական առնվազն 5 միլիոն: Հետևաբար, արդեն 1 տարի անց Վեոլիան կսկսի հաշվել եկամուտը: Մեկնարկը տրված է: