
Երևան-Արմավիր ավտոճանապարհին մեկնարկել է Մուսալեռ գյուղի մի հատվածը սնող 150 մմ-ոց պողպատե ջրագծի վերակառուցման աշխատանքները: Խողովակաշարի քայքայված հատվածում միայն վերջին 2 ամսում գրանցվել է 6 վթար: Վերջին վթարը վերացնել «Էջմիածին» շահագործման տեղամասին ընդհանրապես չի հաջողվել, քանի որ ջրագծի վրա չկա նույնիսկ «առողջ» մի հատված զոդում իրականացնելու համար: Իսկ այս ամենի հետևանքն այն էր, որ ջրագծի այս հատվածից օգտվող բաժանորդները տարիներ շարունակ ունեցել են ճնշման և ջրամատակարարման խնդիրներ:

Այժմ Վեոլիաթիմը որոշել է խնդրին արմատական լուծում տալու համար փոխարինել խողովակաշարի 300 գծամետր քայքայված հատվածը 160 մմ-ոց պոլիէթիլենով, որից հետո 30 բաժանորդի ջրաչափեր կտեղադրվեն սահմազատման կետում:
Աշխատանքները նախատեսում են ավարտել շուրջ 10 օրից, որից հետո կվերանան վթարները, կկրճատվեն շահագործման ծախսերը և որ ամենակարևորն է կբարելավվի գյուղի ջրամատակարարումը: