Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիրը Արաբկիր վարչական շրջանում

 

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոցում տարիների ընթացքում կատարված կառուցապատումների արդյունքում ճանապարհը բարձրացրել է մոտ 4 մետր, իսկ տները մնացել են ավելի ներքևում՝ թեքության վրա: 1960-ականներին կառուցված ջրագծերն էլ անցնելով անհատական տնատիրությունների տարածքով՝ սպասարկման և շահագործման տեսանկյունից էլ ավելի մեծ  դժվարություն են  ստեղծել «Վեոլիա Ջուր» ընկերության համար: 

Հաշվի առնելով բաշխիչ ցանցի քայքայվածությունն ու ապօրինությունները, դրա հետևանքով վայրկյանում 20 լիտր ջրի կորուստը, Վեոլիա ջուրը Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան, Բաբայան, Վահագն Դավթյան փողոցների անհատական տնատիրությունների հատվածը, ինչպես նաև Ազատության պողոտայի անհատական տներն ու  10 բազմաբնակարան շենքեր  ընդգրկեց Պարտադիր կապիտալ աշխատանքների 2024 թվականի ծրագրում: 

Ներդնելով մոտ 473 մլն դրամ՝ ընկերությունը սկսեց վարչական շրջանի աջակողմյան հատվածի ջրամատակարարման ցանցի վերակառուցումը. մոտ 11 կմ ջրագծի կառուցում 780 բաժանորդի համար: 

Աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունն արդեն իսկ կատարել է նախատեսված աշխատանքների 20 տոկոսը. կառուցել է 1800 գծամետր ջրագիծ և տեղադրել 110 ջրաչափական դիտահոր: Գործն առաջ է գնում արագ տեմպերով: