Վերակառուցվում է «Զոդ-Սուրենավան-Արմաշ-Երասխ» 16-կմ-ոց ջրատարը

7 օրում 9 վթար

Խոսքը «Զոդ-Սուրենավան-Արմաշ-Երասխ» 16 կմ-ոց ջրատարի մասին է, որի 800 գծամետր վթարային ու խիստ քայքայված հատվածում մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 9 վթար: Ջրատարի այս խնդրահարույց հատվածից է ջուր ստանում Սուրենավան, Արմաշ գյուղերը, որոնք ընկերության մեծածախ բաժանորդներն են և Երասխ գյուղը, որտեղ սպառողներին արդեն իսկ «Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրատար մեքենաներով ապահովել է ջրով: 

Նշենք, որ մեկ ամիս առաջ Ընկերությունը ջրատարի վրա սկսել է 2600 գծամետր վթարային հատվածի վերակառուցման աշխատանքներ: 1600 գծամետրն արդեն իսկ կառուցվել է, և աշխատանքներն իրականացնող «Արտաշատ» շահագործման տեղամասը հասել է խիստ վթարային 800 մետրի հատված: 

Քանի որ այս հատվածում շահագործման տեսանկյունից այլևս վթար վերացնել հնարավոր չէ, ՎեոլիաԹիմը ձեռնարկել է երկու օրում վերակառուցել նաև այս հատվածը:  

Սակայն այս դժվարին և խիստ լարված ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ է սպառողների համբերատարությունը, որպեսզի կարողանանք սահմանված ժամկետում ավարտել աշխատանքը: Հավատացնում ենք, որ 2-օրյա աշխատանքներից հետո, երբ կվերակառուցվի այս հատվածը և կմիանա գործող  ջրատարին, այստեղից սնվող գյուղերում այլևս ջրի խնդիր չի լինի: Իսկ մինչ այդ ընկերությունը կշարունակի ջրատար մեքենաներով սպառողներին ջուր մատակարարել: