Հայաստանի կենտրոնացված ջրամատակարարման համակարգը 110 տարեկան է

Սիրելի՛ գործընկերներ,

Բարեկամնե՛ր,

Այսօր հայ ջրմուղագործների մասնագիտական, թեկուզև ոչ պաշտոնական, տոնն է:

1911 թվականի դեկտեմբերի 23-ին, «էրիվանյան ջրմուղ» փայատիրական ընկերության ջանքերով՝ ինժեներ Վասիլի Միրզոևի ղեկավարությամբ շարք մտավ առաջին՝ «Կաթնաբյուր-Երևան» մայրուղային ջրատարը: Այսպես սկսվեց Հայաստանի կենտրոնացված ջրամատակարարման համակարգի պատմությունը, որի 110-րդ տարեդարձը Վեոլիա ջուր ընկերությունը, գործին ձեր նվիրվածության շնորհիվ, նշում է նոր հաջողություններով:

Ընթացիկ տարում հրաշալի աշխատեցին մեր բոլոր տնօրինություններն ու ծառայությունները: Շնորհակալությո՛ւն ՎեոլիաԹիմին:

Համատեղ ջանքերով մենք կարողացանք ապահովել ավելի քան 5,0 մլրդ դրամի վճարումներ՝ ՀՀ պետական բյուջե, համախառն հարկերի, տուրքերի և վարձակալության վճարի տեսքով, ինչպես նաև իրականացնել ավելի քան 3,3 մլրդ դրամի ներդրում միայն ջրաշինարարական աշխատանքներում: Այդ թվում վերակառուցել 97 կմ ջրագիծ և 7,5 կմ կոյուղագիծ, շահագործումից հանել 40 կմ վթարված ջրագիծ:

Ապօրինությունների դեմ ակտիվ պայքարի արդյունքում կազմվել է ջրամատակարարման կանոնների խախտման մոտ 4,5 հազար ակտ, որից մոտ 1800-ը ապօրինի միացումների վերաբերյալ, հստակեցվել է ջրի սպառման ծավալներն ու ուժեղացել վերահսկողությունը, որի արդյունքում առևտրային կորուստները կրճատվել են շուրջ 8 մլն խորանարդ մետրով:

Չնայած շոգ և երկարատև ամռանը, վթարներին արագ արձագանքման, տեխնիկական կորուստների նվազեցման ու գաղտնի վթարների հայտնաբերման շնորհիվ, մենք ոչ միայն ընդհանուր առմամբ ապահովեցինք կայուն ջրամատակարարում, այլև շոշափելիորեն նվազեցրինք ջրի արտադրությունը համակարգում:

55 հազար նոր ջրաչափ, նախատեսված 40 հազարի փոխարեն, 80 նոր ինվերտորային պոմպակայան Երևանում, կառուցված կամ արդիականացված քլորակայաններ Զովասարում, Ղազարավանում, Թալինում, Գավառում, վերազինված որակի լաբորատորիաներ Իջևանում, Դիլիջանում, Սևանում, վերակառուցված կենտրոնական ավտոհավաքակայան Երևանում, վերանորոգված ջրի մաքրման կայաններ Դիլիջանում, Կապանում … Ամենուր գրանցվել է առաջընթաց, որը հաջորդ տարի, աշխատանքների ավելացող ծավալների պայմաններում, ավելի ակնհայտ կլինի:

Տարեվերջ է, բայց Վեոլիայում աշխատանքային տեմպերը չեն նվազում: Միաժամանակ ճշգրտվում են Ընկերության հաջորդ տարվա աշխատանքային ծրագրերը, որոնք, համոզվա՛ծ եմ, մեր համատեղ աշխատանքի շնորհիվ իրականություն կդառնան:

Շնորհավո՛ր մեր բոլորի տոնը, բարեկամնե՛ր:

 

Մարիաննա Շահինյան,

Գլխավոր տնօրեն