Շրջագիծ՝ մեջը խաչ: Այսպես են նշում ՎեոլիաԹիմի մասնագետներն այն տեղերը, որտեղ հայտնաբերվում են ջրագծերի գաղտնի վթարներ: Նշում են և առաջ գնում: Հետևից գալիս են տարածքային շահագործման տեղամասերի բրիգադները և ձեռնամուխ լինում դրանց վերացմանը:
Բանն այն է, որ հնամաշ կամ վթարված խողովակներից արտահոսող ջուրը շատ դեպքերում գետնի երես դուրս չի գալիս, այլ ներծծվում է ընդերքում և աչքի համար տարիներ շարունակ աննկատ մնում: Իսկ ջրի կորուստ՝ կնշանակի ճնշման անկում, գրաֆիկի խախտում, սպառողների բողոք, ի վերջո, լրացուցիչ աշխատանք ու ֆինանսական ծախսեր համակարգում՝ կորուստը փոխհատուցելու նպատակով: Դրա համար էլ Տեխնիկական տնօրինության Հոսակորուստների հայտնաբերման և գոտիավորման վարչության 24 մասնագետ Երևանում, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Տավուշի մարզերում, իրենց տրամադրության տակ ունենալով Ռենո Դոկեր և Նիվա ավտոմեքենաներ, փողոց առ փողոց, բնակավայր առ բնակավայր մշտապես զբաղված է վթարների փնտրտուքով:
Դրանցից մեկը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ռուսթամյան փողոցում էր, որտեղ մեր շրջայցի պահին մասնագետները, վարչության պետ Վահագն Թովմասյանի գլխավորությամբ, պարզում էին ջրի կորստի պատճառը տարածքում: Երեք տարբեր սարքերի կիրառմամբ երկժամյա աշխատանքն ավարտվեց հաջողությամբ. պարզվեց ջրի կորստի հավանական վայրը:
Ուլտրաձայնային չափիչի, ակվաֆոնի, կորելյատորի, հետագիծ որոնող և այլ սարքերի օգնությամբ նրանք հունվար-մարտ ամիսներին արդեն հայտնաբերել են 267 վթար, որտեղից արտահոսքը կազմում էր 420 լիտր վայրկյանում: Դա ավելին է, քան ստանում է Կապան քաղաքը:
Բարենպաստ եղանակներով պայմանավորված, ջրի կորստի դեմն առնելուն ուղղված աշխատանքները Վեոլիա ջուր ընկերության սպասարկման տարածքի բնակավայրերում օրեցօր ակտիվանում են: