Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի Ջրի որակի լաբորատորիան Իջևանում վերահսկում է մոտ 30 հազար սպառողի մատակարարվող ջրի որակը քաղաքում ու հարակից 2 գյուղում: Դրա համար իրականացվում է ջրի որակի պլանային ստուգում՝ համաձայն գրաֆիկի, նաև վթարներից հետո է փորձանմուշներ վերցվում, իսկ երբեմն արտապլանային հետազոտությունների պահանջ է առաջանում:
Ակնհայտ է լաբորատորիայի կարևորությունն ու պատասխանատվությունը որակի ապահովման հարցում: Բայց այստեղ դրան ավելանում է նաև գործի դժվարությունն ու առանձնահատկությունը: Խնդիրն այն է, որ ի տարբերություն շատ այլ բնակավայրերի՝ ջուրն Իջևանում ստացվում է ոչ թե 1 – 2 խոշոր աղբյուրից, այլ փոքր ելքով բազմաքանակ աղբյուրներից: Հետևաբար հետազոտությունների քանակն էլ է շատ, փորձանմուշ վերցնելու կետերն էլ: Այստեղից էլ աշխատանքի ծանրաբեռնվածությունն ու ընկերության ուշադրությունը լաբորատորիայի կարիքներին:
Անցյալ տարի ավարտվեց վերջինիս հագեցումը նոր սարքավորումներով, ապահովվելով լիարժեք ուսումնասիրություն քիմիական հետազոտությունների մասով: Պղտորաչափ՝ 2100Qis, մնացորդային քլորի քանակի չափման սարք՝ DR – 300, թթվա-հիմնային բազան որոշող սարք՝ pH Meter, թորման սարք, սառնարան:
Հիմա արդյունքները և՛ ավելի արագ են ստացվում, և՛ ավելի ճշգրիտ են:
Իսկ վերջերս լաբորատորիան ստացավ նաև մանրեաբանական հետազոտություների հնարավորություն: Սա շատ կարևոր էր, որովհետև նախկինում տվյալ նպատակով փորձանմուշներն ուղարկվում էին Սևանի լաբորատորիա: Իսկ դա ժամանակի զգալի կորուստ էր, նաև լրացուցիչ տրանսպորտ էր պահանջում: Հիմա առկա է բարձր որակի ֆիլտրացման սարք՝ միաժամանակ 3 փորձանմուշի համար նախատեսված, տերմոստատներ և ավտոկլավ:
Մի խոսքով, լաբորատորիան Իջևանում «ավարտում տեսք է» ստացել: Նմուշառող – լաբորանտ Գոհար Ղալումյանը շատ գոհ է. ամեն ինչ կա լիարժեք աշխատելու համար: