Լրացուցիչ ջուր Աջափնյակին և Մալաթիա-Սեբաստիային

Օրեցօր արագանում են աշխատանքի տեմպերը «Կարբիի ձորում, Արտաշավանի վթարային ջրատարի շրջանցում Շոր-շորի սանգոտու տարածքում» ծրագրի շրջանակներում, որ Վեոլիա ջուր ՓԲԸ պատվերով իրականացնում է կապալառուն՝ «Գավաթ» ՍՊԸ-ն:

Արդեն փորվել է մոտ 450 գծամետր խրամուղի՝ 540 մետրից: Ավելին, սկսվել է 400մմ տրամագծով պողպատե խողովակների հակակոռոզիոն մեկուսացումը բիտումառեզինային մածիկով ու եռակցումը, որին կհաջորդի արդեն ձևավորված խողովակաշարի տեղադրումը խրամուղում :

Բայց և չլուծված ու շարունակաբար առաջացող հարցեր էլ կան կապված, օրինակ, ջրառատ «Շոր-շորի» սանհանգույցում բխող աղբյուրների ջրերի կուտակումների կամ հարակից Քասախ գետի «սանձահարման» հետ, որոնք փորձում էին իրենց հերթական այցի ընթացքում լուծել պատվիրատուն, շինարարն ու նախագծի վերահսկողը: Մի խոսքով, շինարարությունը՝ ինչպես շինարարություն:

Իսկ շրջանցող խողովակաշարի անհրաժեշտությունը հետևանք է գործող «Շոր-շոր» -  Երևան» մայրուղային ջրատարի տվյալ հատվածում առկա բազմաթիվ վթարների, ապօրինի միացումների, ինչպես նաև տարատեսակ կառույցների, որոնց պատճառով թե՛ զգալի ջրի կորուստ է արձանագրվում և թե՛ հնարավոր չէ վերացնել առաջացող վթարներն ու ապահովել մայրաքաղաքի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հուսալի ջրամատակարարումը:

Շինարարը խոստանում է այս բացը փակել և տվյալ հատվածը դուրս հանել շահագործումից ժամկետին՝ մինչև մարտի վերջը, եթե արտակարգ պատահարներ չինեն, որովհետև Պատվիրատու – Կապալառու - Վերահսկող սերտ համագործակցությունը մինչ օրս հնարավորություն է տվել ապահովել շինարարական հարահոսի սահուն ընթացքը: