«Մաքուր ջուր, առողջ մոլորակ - 2018»

Ջրի համաշխարհային օրից՝ Երկրի օր

     Ապրիլի 21-ին՝ «Երկրի օրվա» նախօրեին, Վեոլիա Ջուր ընկերությունն ու ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանության թանգարանը համատեղ կազմակերպեցին ճանաչողական այց Արզնիի ջրաղբյուր՝ որպես մարտի 22-ին՝ «Ջրի համաշխարհային օրվա» առթիվ կայացած «Ջուրը, բնությունը եւ ես ...» մրցույթ-միջոցառման տրամաբանական շարունակություն։
     Այցի մասնակից թվով 6 դպրոցական կրթական հաստատությունների սաների ու նրանց ուսուցիչների, Երկրաբանության թանգարանի աշխատակիցների և բնապահպանների նպատակն էր տեղում ծանոթանալ մայրաքաղաքը սնող կարեւորագույն ջրաղբյուրներից մեկին, կենարար հեղուկի արտադրության տեխնոլոգիային, սեփական փորձով համոզվել ջրի բարձր որակի մեջ ու գնահատական տալ Վեոլիա Ջրի մասնագետների աշխատանքին՝ Երեւանը ջրով ապահովելու գործում:
     «Արզնի ջրաղբյուրի» սանիտարական գոտում հյուրերի համար Վեոլիա Ջրի աշխատակիցները կազմակերպեցին շրջայց, ցույց տվեցին ջրահավաքները, պոմպակայանը, քլորակայանը, պատմեցին աղբյուրի ստեղծման մասին և առաջարկեցին ջրի համտես կատարել հենց աղբյուրից։ Ջուրը հոյակապ էր, սանիտարական գոտում ամենուր կարգ ու կանոն, աղբյուրի շահագործումն էլ՝ պահանջվող մակարդակի: Դպրոցականները ծափողջույններով իրենց շնորհակալությունը հայտնեցին ջրմուղագործներին, ինչպես նաեւ ոստիկանական վերակարգին՝ նրանց ոչ դյուրին ծառայության համար:
     Այնուհետև Վեոլիա Ջրի ներկայացուցիչներ` Արտաշես Աղինյանը եւ Մուրադ Սարգսյանը դպրոցականներին պարզաբանում տվեցին ջրի շրջապտույտի մասին բնության մեջ ու առաջարկեցին ստուգել. գիտե՞ն արդյոք նրանք, թե մայրաքաղաքի ո՛ր թաղամասը ո՛ր աղբյուրից է ջուր ստանում: Խաղը ստացվեց աշխույժ ու հետաքրքիր:
Ինչ վերաբերում է «Ջրի դաս» մրցույթին, ապա մրցութային հանձնաժողովը միաձայն որոշեց բոլոր 6 խմբերին էլ ճանաչել հաղթող՝ որպես ապագա սերնդի լավագույն բնապահպաններ։ Իրոք որ բոլոր ներկայացված աշխատանքներն էլ արժանի էին ամենաբարձր գնահատականի: Խմբերը Երկրաբանության թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի ձեռամբ ստացան շնորհավորագրեր ու մրցանակներ, իսկ մասնակիցներն էլ՝ հուշանվերներ Վեոլիա Ջրի կողմից, ցուցաբերած ակտիվության ու ջանասիրության համար:
     Բայց դե կրթահամալիրների սաներն էլ հետ չմնացին: Եթե Ջրի Համաշխարհային Օրվա այս տարվա խորագիրն էր «Բնությունը ջրի համար», ապա «Երկրի օրը» կրում էր «Երկիր Մոլորակն առանց պլաստիկների» անվանումը, որի առնչությամբ դպրոցականները ներկայացրեցին իրենց ուսումնասիրության արդյունքները ու խնդրի լուծման վերաբերյալ սեփական տեսակետը: Դե իսկ վերջում, բնության գրկում ճաշից ու հանգստից հետո, նրանք հավաքեցին ու տեսակավորեցին թափոններն ու աղբը՝ որպես շրջակա միջավայրի բնության նկատմամբ իրենց հոգատար վերաբերմունքի՝ ոչ միայն խոսքով, այլեւ գործով:
     Օրը հագեցած էր ու անցավ հետաքրքիր: Փոքրերը հիանում էին տեսածով, իսկ մեծերը՝ փոքրերով: Եւ դրա իրավունքն ունեին. դատելով դպրոցականների ակտիվությունից ու ստեղծարար ոգուց, համոզված կարելի է ասել՝ Մայր Մոլորակի ապագան հուսալի ձեռքերում է:
 
                                                      Վեոլիա Ջուր. Մենք շարժվում ենք առաջ