Վարդենիս քաղաքի ավագանու որոշմամբ՝ այստեղ ևս ջրամատակարարման համակարգի ամբողջ ցանցի շահագործումը հանձնվեց Վեոլիա ջուր ընկերությանը:
Որոշումից անմիջապես հետո, Ընկերությունը 96 միլիոն դրամի ներդրում կատարեց, քաղաքի խնդրահարույց թաղամասում՝ Բանդերում ջրամատակարարման ցանցի արդիականացման համար:
Թաղամասը սնող հին ու քայքայված թուջե, մետաղական ջրագծերն անցնում էին ոռոգման առուների միջով, որը շահագործելը ոչ միայն բարդ էր, այլ նաև վտանգավոր: Դրա համար «Վարդենիս» շահագործման տեղամասը վթարների դեպքում, իսկ դրանք այստեղ անընդհատ են, աշխատանքներն իրականացնում է բարդ պայմաններում՝ առանց ջրանջատման՝ խուսափելով հակահամաճարակային իրավիճակից:
Սակայն այս ամենը շուտով կմնա անցյալում, որովհետև 11 փողոց ներառող Բանդեր թաղամասի 800 բաժանորդի համար «Վարդենիս» տեղամասը արդեն սկսել է 3350 գծամետր նոր ջրագծի և մուտքագծերի կառուցման աշխատանքները: Դրանից հետո բաժանորդների ջրաչափերը կտեղափոխվեն սահմանազատման կետում կառուցված ջրաչափական հորեր:
Ամենաբարդ՝ ճահճուտային հատվածը մասնագետներն արդեն անցել են՝ կառուցելով 610 մետր: Ձմռան ամիսներին ջրագծերի սառեցումներից խուսափելու համար ջրագծերը կառուցվում են 1,5 մետր խորության վրա՝ պահպանելով շինարարական բոլոր չափորոշիչները:
Աշխատանքների արդյունքում կունենանք կառավարելի համակարգ, որակյալ, անխափան, համապատասխան ճնշմամբ ջրամատակարարում, որը թույլ կտա սպառողներին հրաժարվել անհատական պոմպերից: Բացի դա, հնարավոր կլինի տնտեսել վայրկյանում 50-60 լիտր ջուր, որն էլ կուղղվի Վարդենիս քաղաքի բաշխիչ ցանց: