Այս տարի օրվան նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում անցկացվում են «Ջուրը՝ հանուն խաղաղության» կարգախոսով։
Իսկ «Ջրի համաշխարհային օր - 2024»-ի հիմնական ուղերձներն են՝
«Ջուրը կարող է ծնել խաղաղություն կամ հրահրել կոնֆլիկտ»
«Բարեկեցությունն ու խաղաղությունը կախված են ջրից»
«Ջուրը կարող է մեզ դուրս բերել ճգնաժամից»
Կարևորելով Երկիր մոլորակի և նրա բնակիչների համար առանձնահատուկ այս օրը՝ վերհիշենք մի քանի հետաքրքիր և օգտակար փաստեր ջրի մասին.
Ջուրը ծածկում է մեր մոլորակի 70%-ը, սակայն դրա միայն 3%-ն է պիտանի խմելու համար: Ջրերի մեծ մասը հնարավոր չէ օգտագործել, քանի որ դրանք սառույցների տեսքով են:
Ջուրը կյանքի հիմքն է Բոլոր կենդանի օրգանիզմներն ու բույսերը կազմված են ջրից. կենդանիները՝ 75%, ձկները՝ 75%, մեդուզաները՝ 99%, կարտոֆիլը՝ 76%, խնձորը՝ 85%, լոլիկը՝ 90%, վարունգը՝ 95%, ձմերուկը՝ 96% և այլն:
Ջուրը 3-ից ավելի ագրեգատային վիճակ ունի:
Դպրոցում բոլորս սովորել ենք, որ ջուրն ունի ագրեգատային 3 վիճակ՝ հեղուկ, պինդ և գազային: Գիտնականները, սակայն, առանձնացնում են հեղուկ ջրի 5 և սառած ջրի 14 վիճակ:
Ջուրը հիշողություն ունի։
Քանի որ ջրի կլաստերները ցանկացած ազդեցության դեպքում վերադասավորվում են, ստացվում է, որ ջուրը գրանցում է իր շրջապատի ամբողջ տեղեկատվությունը։ Հենց դա էլ գիտնականներն անվանում են «ջրի հիշողություն»։
Մարդն իր կյանքի ընթացքում խմում է միջինը 35 տոննա ջուր։ Թթվածնից հետո ջուրն ամենաանհրաժեշտ նյութն է օրգանիզմի համար։ Առանց ուտելիքի մարդը կարող է ապրել շուրջ 6 շաբաթ, իսկ առանց ջրի՝ 5-7 օր:
Մարդն օրգանիզմի ջրազրկումից մահանում է։
Երբ մարդը կորցնում է մարմնի քաշի 2%-ի չափով ջուր, տեղի է ունենում ջրազրկում: 10% ջրազրկումը վտանգավոր է կյանքի համար, իսկ 12%-ի կորուստը հնարավոր չէ վերականգնել առանց բժիշկների միջամտության։
Վերջին 50 տարում աշխարհում 507 բախում է տեղի ունեցել՝ ջրին հասանելիություն ունենալու համար։ Դրանցից 21-ն ավարտվել են ռազմական գործողություններով։
2,2 միլիարդ մարդ դեռ ապրում է առանց անվտանգ կառավարվող խմելու ջրի, նրանցից 115 միլիոնը խմում է մակերևութային ջրեր:
Եվ որպեսզի կենարար հեղուկը դեռ երկար մնա մեր կյանքի աղբյուրն ու անբաժան մասը, եկեք այն օգտագործենք խնայողաբար և ըստ նշանակության։