Իջևան քաղաքի համար կառուցվում է «Լաստիվեր» ջրի մատակարարման նոր համակարգ

#Ներդրումային_Ծրագրեր_Երևանում_և_Մարզերում

Սկսվել է Վեոլիա Ջուր ընկերության ընթացիկ տարվա Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի (#ՊԿԱԾ – 2022) հերթական կարևոր բաղադրիչներից մեկի՝ «Լաստիվեր» ջրի մատակարարման նոր համակարգի կառուցումը, որը Իջևանին կտա վայրկյանում 30 լիտր հավելյալ ջուր:

Իջևան քաղաքն ընդհանուր առմամբ ջուր է ստանում 28 մեծ ու փոքր աղբյուրներից: Սակայն ամռան ու ձմռան սակավաջուր ամիսներին աղբյուրներից ջրի ելքը մեծ տատանումների է ենթարկվում: Օրինակ, Իջևանը սնող հիմնական «Անապատ» աղբյուրից ջրառը վայրկյանում 60 լիտրից կարող է նվազել մինչև 5 լիտրի, ինչը բնականաբար հանգեցնում է ջրամատակարարման անկանոնության:

Ջրի սպառման պիկերին քաղաքին մատակարարվող ջրաքանակի ավելացման և հաստատուն ջրամատակարարում ունենալու նպատակով Վեոլիա Ջուրը սկսել է կառուցել՝ նոր ջրընդունիչ՝

  • Իջևանից 8 կմ հեռավորությամբ՝ Լաստիվերի «Պաղ ջուր» կոչվող գետակի վրա,
  • 2300 մետրանոց խողովակաշար, որով ջուրը գետակից հասցվելու է քաղաք, ջրի մաքրման կայան (ՋՄԿ), որտեղ գետակից ստացվող մակերևութային ջուրը պարտադիր կարգով պետք է վերամշակվի և քլորացվի:

Արդեն 3 ամիս է, ինչ աշխատանքներն ընթանում են: Չնայած լեռնային բարդ պայմաններում այս պահին արդեն 60 լ/վրկ հզորությամբ ՋՄԿ-ի տանիքն է տեղադրվում: Ինժեներական այդ կառույցում նախատեսված են առանձին հատվածներ մաքրող ֆիլտրերի, քլորի բալոնների և սարքավորումների, ինչպես նաև սպասարկող անձնակազմի արդյունավետ աշխատանքի և հանգստի համար:

Կայանում կգործեն 30լ/վրկ հզորությամբ կվարցային ավազով մաքրող 2 ավտոմատ ֆիլտրեր, որոնցից մեկը մշտապես կգտնվի աշխատանքային վիճակում՝ Լաստիվերի հարակից գետակի ջրերի համար, իսկ երկրորդը կլինի պահուստային և կգործարկվի «Անապատ» աղբյուրից հոսող ջրերի պղտորման դեպքում:

205 մլն դրամ արժողությամբ ծրագրի իրականացումը նախատեսվում է ավարտել 2023 թ-ի գարնանը: